Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Աղվեսադրոշմի ասպետները

Աղվեսադրոշմի ասպետները
03.11.2025 | 16:18

Երբ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ փարիսեցիների, օրենսգետների, քահանայապետերի դավերով բռնեցին և տանջանք ու չարչարանքից հետո տանում էին խաչելու, մի՞թե միայն նրանք էին մեղավոր, չէ որ դա տեղի էր ունենում սովորական մարդկանց, ժողովրդի ներկայությամբ, նրանց ոչ միայն ակտիվ մասնակցությամբ այլ նաև լռության, հանդուրժողության, համաձայնության և անտարբերության պայմաններում։

Այսօր էլ մեր եկեղեցում տիրում է մի նմանատիպ իրավիճակ, որի համար պատասխանատու ենք բոլորս, յուրաքանչյուրն իր տեղում, շատ թե քիչ կուտակած մեր բոլոր մեծ կամ փոքր մեղքերի համար։

Ինչու՞ պետք է մեր եկեղեցում այսօր փոխադարձ սիրո ու վստահության փոխարեն տիրի Մայր Աթոռի հանդեպ մի մասի կողմից անվերապահ հնազանդության, ոմանց կողմից անհաղորդության ու անտարբերության, ուրիշների կողմից չարացածության, ատելության ու ագրեսիայի, այլոց կողմից վախի ու կաշկանդվածության հոգեվիճակների մի խառը մթնոլորտ։

Ի վերջո, ՏԻՐՈՋ առջև անխտիր պատասխան ենք տալու բոլորս, անկախ նրանից հավատացել ենք, թե ոչ, կամ էլ, թե ինչի ենք հավատացել։ Հիմա է որ պետք է իրական հավատի գործեր կատարվեն ՏԻՐՈՋ Եկեղեցու զորացման համար՝ դարձ, ապաշխարություն և խնդիրները լուծելու նախանձախնդրություն ու պատրաստակամություն։

Նույնպես և հավատը. եթե նա գործեր չունի, առանձին մեռած է։

Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցու՛յց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։

Դու հավատում ես, որ մեկ է ԱՍՏՎԱԾ. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։

Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի (ՀԱԿՈԲՈՍ 2:17-20)։

Ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի (ՀԱԿՈԲՈՍ 2:26)։

Չէ որ եկեղեցին դա միայն հոգևոր կոչում ունեցողները չեն և մենք բոլորս ենք պատասխան տալու, թե ինչու՞ ՏԻՐՈՋ կառուցած տաճարը՝ ՆՐԱ Իջման վայրում, մենք թույլ տվեցինք չարի կամակատարների ձեռքն ընկնելու։

Դեռ մեր ս. արքա Աբգարն էր առաջինը, որ ՏԻՐՈՋԸ հրավիրում էր գալու իր երկիրը, իսկ մերօրյա առաջնորդները և նրանց կամակատարները խոսքերը կարծես մեկ արած անում են ամեն ինչ՝ ԱՍՏԾՈՒՆ մեր երկրից հեռացնելու համար։ Արդյո՞ք մեր մասին չեն ասված այս տողերը.

Իսկ ԱՍՏՎԱԾ արդարություն չի՞ անի ԻՐ այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։

Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18:7-8)։

Ազգի անկումը սկսում է տաճարից, անցնում ընտանիքներին, ապա պետությանը և վերականգնումն էլ նույն հաջորդականությամբ պետք է իրականացվի` նախ տաճարը՝ այսինքն հոգևոր դասը, ապա ընտանիքները, որոնք եկեղեցու մեջ են, հետո պետությունը, որում ընդգրկված են այդ ընտանիքների անդամները։ Մի՞թե հոտն է բժշկում ու խնամում հովվին, ինչպես և չի կարող լինել հոտ առանց հովվի։ Այն հովիվը, որն իր հոտին բժշկելու անելիք ու ասելիք չունի, նա է հենց ՏԻՐՈՋ ասած վարձկան հովիվը։

Չի լինում այնպես, որ անտեր մնացած հոտն ինքնակազմակերպվի ժողով անի ու իր միջից թեկուզ ճարտարամայող մի որևէ ոչխարի իր վրա հովիվ կարգի։ Հոտի համար հովիվ է ընտրում և նշանակում այդ հոտի տերը կամ էլ հենց ինքն է հովվություն անում։

Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն (ՕՍԷԷ 8։4)։

ՏԷՐԸ չի ներում ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ ուղղված հայհոյանքը։

Եվ ով, որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում (ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12:28)։

Այժմ դարձյալ վկա ենք, թե ինչպես փրփրած բերանով, մոլագար ու դիվահար մեկն իր շուրջը հավաքելով նմաններին, փորձում է կամայական կերպով խառնվել ՏԻՐՈՋ Եկեղեցու ներքին հարցերին, երբ շրջապատող խաժամուժը նրան է փրկիչ հայտարարում և քաջնազարյան գյադաների նման նրա կարգադրություններն է կատարում։ Պատմությունը ունի օրինաչափություն կրկնություններ կատարելու։

Այսպես է ասում ՏԷՐԸ. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի ՏԻՐՈՋ դեմ» (ԵՐԵՄԻԱ 17:5)։

Այսօր Հայաստանում ի հայտ են գալիս ժամանակակից թոնդրակեցիներ ու պավլիկյաններ` Օհանավան գյուղի բնակիչների պես, ովքեր մտնում են իրենց գյուղի տարածքում գտնվող սուրբ Եկեղեցին, պատարագի են մասնակցում, հետո դուրս գալով՝ մոռացած իրական ՓՐԿՉԻՆ, այդ անվանումը վանկարկում են մի ոմն ճղճղան ու փրփրաբերան մեկի հասցեին։ Վաղ թե ուշ այդ բոլոր մարդիկ, եթե ՏԻՐՈՋ ցասումը նրանց խնայի, լավագույն դեպքում իրենց համար կվաստակեն աղվեսադրոշմի շքանշան։ Այն բոլոր սրբավայրերը, որոնք այս օրերին պղծվում են նրանց նմանների կողմից, հետագայում պետք է կրկին վերաօծվեն։

Մի՞թե բավական չէին անցած դարերի բոլոր պատուհասներն ու փորձությունները, կոտորածներն ու կորուստները, որպեսզի այս ժողովուրդը խելքի գար ու նույն դիպվածներին նորից չենթարկվեր։

«Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է ՏԷՐԸ, - քանի որ նրանք անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում» (ԱՄՈՍ 3:10)։

Ներկայումս մեր երկիրը, ժողովուրդը և եկեղեցին խնդիրներ ունի ոչ թե մեր դարավոր թշնամիների հետ, այլ մեր ՏԷՐ ԱՍՏԾՈՒ հետ և Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ ու գլխավոր նպատակն ու առաքելությունը պետք է լինի իր հավատավոր ժողովրդի ապաշխարության խորհրդի իրականացումը։ Սա է ՏԻՐՈՋ հետ հաշտության միակ ճանապարհն ու հրամայականը։

Միայն միասնական ու համընդհանուր ապաշխարությամբ կփրկվի Հայկի երկիր Հայաստանը։

Անաստված ժողովրդի մասին շատ դիպուկ է ասել ռուս հոգևորական՝ աբեղա Ռոման Մատյուշինը 1990 թ․

Առանց ԱՍՏԾՈ ազգը՝ դա ամբոխ է լոկ,

Շաղախված բազում մեղքերով,

Կամ կույր է կամ հիմար, անմիտ,

Կամ, որ ավելի վատ` դաժան է ու բիրտ։

Եվ թեկուզ գահ բարձրանա որևէ մեկը,

Ով կճղճղա ճոռոմ, փքուն խոսքեր,

Միևնույն է ամբոխն էլի ամբոխ կմնա,

Մինչև առ ԱՍՏՎԱԾ նա դարձ չունենա։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ